ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Հայի տեսակի հավատավորն ու նվիրյալը

Հայի տեսակի հավատավորն ու նվիրյալը
04.02.2023 | 10:33

Հրայր Հովհաննեսի Միքայելյանը (Михаелян Грайр Ованесович) ծնվել է 1920 թվականի մայիսի 9-ին Ելիզավետպոլի նահանգի Տոլորս գյուղում (բնակավայրը ներկայիս Սյունիքի մարզում է): Հանգամանքների բերումով 1931 թվին նրա մեծ ընտանիքը տեղափոխվում է Աշխաբադ, որտեղ էլ ապագա գեներալը, պետական, կուսակցական գործիչն ավարտել է միջնակարգը, կրթությունը շարունակել տեղի մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետում:


1942-ին զորակոչվել է բանակ` համատեղելով ուսումն ու ծառայությունը: 1944-ից անվտանգության մարմիններում էր, ծառայությունը սկսել է СМЕРШ-ից («Մահ լրտեսներին» զիվորական հակահետախուզություն), ներկայացրել մի քանի զինվորական օկրուգ:
1946-1951 թվականներին Թուրքմենական ԽՍՀ պետանվտանգության նախարարության աշխատակից էր, 1951-ի մարտից`հակահետախուզության պետ: Նույն թվի տարեվերջին Հ. Միքայելյանը գործուղվում է Ավստրիա, նշանակվում տեղի խորհրդային զորամիավորման տեսչության ավագ տեսուչ:
Վերադառնալով՝ շուրջ մեկ տարի հաշվառված մնում է ԽՍՀՄ պետանվտանգության նախարարության ռեզերվում, այնուհետ ուղարկվում վերապատրաստման: Ուսումնառությունից հետո (1954-ի հուլիս) ծառայության է անցնում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին կից պետական անվտանգության կոմիտեում: Նույն տարվա դեկտեմբերից նրան է վստահվում կառույցի հակահետախուզության ստորաբաժանման ղեկավարումը:
Հայաստանյան հնգամյա գործունեությունից հետո Հ. Միքայելյանը 1959-ին տևական գործուղման է մեկնել մերձավորարևելյան երկրներ։ Հույժ գաղտնիության պատճառով արտերկրյա գործունեության մանրամասների հրապարակայնացումը շարունակում է մնալ արգելափակման տակ։ Թերևս միայն ավելացնենք, որ ութամյա ընդմիջումից հետո, 1960 թվականին, մայորի ուսադիրները փոխարինում է փոխգնդապետի ուսադիրներով, իսկ երեք տարի անց արդեն գնդապետի զինվորական կոչում ուներ։
1963-ին վերադառնալով` նշանակվում է ՀԽՍՀ ՊԱԿ-ի հետախուզության բաժնի պետ` ստորաբաժանումը գլխավորելով տասը տարի: Այնուհետ նշանակվել է պետանվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ 1975-ի նոյեմբերից` նախագահ: Պաշտոնավարել է մինչև 1978-ի կեսերը, ծառայությունից արձակվելուց մի քանի ամիս անց անցել կենսաթոշակի:


1975 թվականից Հ. Միքայելյանը գեներալ-մայոր էր: Նրա վաստակը բարձր է գնահատվել` Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիր էր, կուրծքը զարդարում էին նաև Կարմիր աստղի երկու շքանշանները, «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» կրծքանշանը, յոթ մեդալ, եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
Վաստակաշատ գեներալի կյանքում առանձնակի տեղ են ունեցել դիպվածները՝ ընդ որում պայմանավորված ոչ միայն մարդկային գործոնով: Իրողությունների տարօրինակ բերումով Հայաստանից նրա մեծ ընտանիքի հեռանալը պայմանավորված էր 1931-ին Սիսիանում եղած երկրաշարժով, որի հետևանքներից, ճակատագրի կամոք, չկարողացավ խուսափել անգամ հեռավոր Աշխաբադում: 1948-ին Թուրքմենստանի մայրաքաղաքին պատուհասած աղետը խլեց նրա մոր, եղբոր, երկու քրոջ կյանքը:


Հայկական ֆուտբոլի համար ոսկե 1973-ին Հ. Միքայելյանն ակտիվորեն լծված է եղել ԽՍՀՄ ֆուտբոլային տնտեսությունում տարածված՝ պայմանավորված խաղերի բացահայտման գործին: Չեմպիոնական մրցավազքում Կիևի «Դինամոն» մրցակիցներին շահագրգռում էր գնալ հարկադիր պարտությունների` արարատցիներին թույլ չտալով հաստատուն զգալ առաջատարի ունեցած դիրքում։


«Արարատի» գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հետ անձնական զրույցում կարևորելով ոչ միայն գավաթը Հայաստան բերելը, այլև չեմպիոնական տիտղոսի նվաճմամբ «ոսկե դուբլ» անելը՝ Հ․ Միքայելյանն բոլոր միջոցները ձեռնարկել է կանխելու համար Մոսկվայի բանակայինների հետ կիևցիների ունենալիք պայմանավորված խաղի արդյունքը, ինչը հոգեբանորեն մեծագույն աջակցություն եղավ հայկական թիմի համար։
Թիկունքում տեր ունենալու զգացողությամբ խաղադաշտ մտած արարատցիներն իրենց գերազանցեցին 60 հազար հանդիսականի ներկայությամբ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած գավաթային խաղի եզրափակչում՝ հանդիպման ավարտից մեկ րոպե առաջ հավասարեցնելով խաղի հաշիվն ու լրացուցիչ ժամանակում կորզելով հաղթանակը։
Հայության ու հայի տեսակի նվիրյալի մեկ այլ հավաստում եղավ 1977 թվականին Մոսկվայի մետրոյում մի խումբ արմատականների կողմից իրականացված պայթյունի առնչությամբ ԽՍՀՄ ՊԱԿ-ի կոլեգիայի նիստում ունեցած ելույթը, որտեղ նա, առանց կաշկանդվելու, համառապնդեց իր տեսակետը՝ հայ մարդը գենետիկորեն ունակ չէ նման հանցագործության, ինչն էլ ակնհայտորեն պատճառ եղավ մեկ տարի անց ծառայությունից նրա ազատման։
Ի դեպ, խնդրո շրջանակներից դուրս չհամարենք և այն, որ Մոսկվայում իրականացված ահաբեկչական ակտի լուսաբանման հարցում հանրապետության լրատվամիջոցներն անարձագանք եղան, և դրանում բացառիկ էր մեկ այլ նվիրյալ հայի՝ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի դերը։


Ահա այսպիսին է եղել ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ Հրայր Հովհաննեսի Միքայելյանը, ում այդ պոստում եկավ փոխարինելու մեկ այլ նվիրյալ հայ՝ Մարիուս Արամի Յուզբաշյանը։


ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 14296

Մեկնաբանություններ